Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Իրանի ԱԳՆ-ն գեներալ Սոլեյմանիի օգնությամբ «անակնկալներ» է պատրաստում ԱՄՆ-ի համար

Իրանի ԱԳՆ-ն գեներալ Սոլեյմանիի օգնությամբ «անակնկալներ» է պատրաստում ԱՄՆ-ի համար
30.03.2018 | 09:20

Մարտի սկզբին Իրանն ամենաիսկական գրոհ սկսեց ԱՄՆ-ի հասցեին, որի էությունն էր միջազգային հարաբերություններում ակտիվացնել ամենուրեք արգելված և ահաբեկչական ճանաչված «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ստեղծմանն ու սնուցմանը Վաշինգտոնի մասնակցության հարցը:

Իհարկե, սա Իրանի առաջին փորձը չէ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրելու այն բանի վրա, որ ԻՊ-ի ավազակային կազմավորումների և նրանց հարող օտարերկրյա վարձկանների հանկարծակի հայտնվելը, ապա նաև Իրաքի ու Սիրիայի դեմ ուղղված ագրեսիան ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների հույժ գաղտնի հետախուզական-դիվերսիոն գործողություն են: Սակայն հիմա ամեն ինչ շատ ավելի հիմնավոր է, քան, օրինակ, 2014 թ. օգոստոսին, երբ Իրանում առաջին անգամ բարձրաձայն խոսեցին ԻՊ-ի ավազակախմբերի հետ ԱՄՆ-ի ու Իսրայելի կապի մասին: Հիշեցնեմ. այն ժամանակ տեղ էր գտել իրանական հատուկ ծառայությունների կազմակերպած տեղեկատվական արտահոսք, որն արվել էր «Tehran Times» թերթում տպագրված հրապարակման միջոցով:


Հիմա, երբ մինչև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների ապրիլի 4-ին կայանալիք հանդիպումը քիչ ժամանակ է մնացել, և երբ արդեն բոլորի համար հասկանալի է, որ Մոսկվայից համաշխարհային քաղաքականության կարևորագույն հարցերով դարձյալ զբաղվելու է Վլադիմիր Պուտինը, Իրանի մարտի սկզբի ջանքերը՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելու Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի երկերեսանի դերի վրա, առանձնակի իմաստ են ստանում, և մեր շարադրանքից ընթերցողները կհասկանան, թե ինչու: Մենք քանիցս գրել ենք, որ տարածաշրջանում Իրանի քաղաքականության գլխավոր նպատակն է արմատապես թուլացնել ԱՄՆ-ի և Իսրայելի, ինչպես նաև նրանց խամաճիկ երկրների դիրքերը, և հարցն առաջին հերթին վերաբերում է ամերիկացիներից ու նրանց արբանյակներից Սիրիայի ու Իրաքի ազատագրմանը, որովհետև, Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի որոշմամբ, Սիրիայի ու Իրաքի պաշտպանությունը հավասարեցված է աշխարհում իսլամի պաշտպանությանը: Բայց այն հարցը, որ ապրիլի 4-ին իրանցիները, ոչ առանց Ռուսաստանի նախագահ Պուտինի աջակցության, կառաջադրեն Թուրքիային, չի վերաբերում պարզապես Սիրիայի ապաօկուպացմանը. դաշնակիցները Թուրքիայից կպահանջեն լիովին դուրս գալ Սիրիայից և Իրաքից: Այսպիսով, Թեհրանը բացահայտ ու բարձրաձայն ասում է աշխարհին. «ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ահաբեկիչներ են պատրաստում ու հովանավորում նրանց»: Հիմա էլ է ամեն ինչ սկսվել թերթի հրապարակումից, բայց մեկ այլ՝ «Kayhan News» թերթի: Սա շատ բան է նշանակում, քանի որ այդ լրատվամիջոցի անգլերեն տարբերակը նախատեսված է բացառապես արտաքին աշխարհի վրա ներգործելու համար: Իրանի տպագիր լրատվական կարևորագույն հրատարակություններից մեկը լինելով՝ այն լույս է ընծայվում 1943 թվականից: Թերթի խմբագրությունը ակտիվ մասնակցություն է ունեցել 1979 թ. իսլամական հեղափոխությանը, պարբերականի հեղափոխականորեն տրամադրված աշխատակիցներն ստեղծեցին «Իսլամական ասոցիացիա», որը միջամտում էր խմբագրական կոլեգիայի գործերին և աշխատանքին մոտ չէր թողնում այլ տարրերի: Բոլոր վերջին նախագահական ընտրությունների ընթացքում թերթն ակտիվորեն պաշտպանել է պահպանողական թեկնածուներին՝ սկսած Մահմուդ Ահմադինեժադից: Թերթի հրապարակումները մեկ անգամ չէ, որ առանձնակի արձագանք են գտել Արևմուտքում և Իսրայելում: Այսպես, Փարիզում կազմակերպված ահաբեկչական հարձակումներից հետո «Kayhan News»-ը առաջին էջում հրապարակեց «ԻՊ-ի կատաղած շները կծեցին իրենց տերերի ոտքը» վերնագրով մի հոդված, որը կոշտ արձագանք գտավ արտասահմանյան որոշ լրատվամիջոցների շրջանում: Հիմա դժվար չէ պատկերացնել, որ ԱՄՆ-ի հասցեին վերոհիշյալ հարձակման նպատակն է հասկացնել, որ արձագանք անպայման պետք է լինի:

Ընդգծենք նաև, որ հենց «Kayhan News»-ի մարտի 3-ի հրապարակումից հետո իրանական մնացած լրատվամիջոցները, այդ թվում նրանք, որոնք համարվում են Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլահ Խամենեիի հետ ուղղակիորեն կապված, մարտի 5-ից սկսեցին հաղորդել հրապարակման կրճատ տարբերակները, ինչպես նաև հաղորդագրություններ ու հայտարարություններ, որոնք բացահայտորեն կոչված էին հաստատելու այն անձանց պնդումները, որոնք հիշատակված էին «Kayhan News»-ի հրապարակման մեջ:


Հրապարակման կենտրոնում երկու պաշտոնատար անձինք են, որոնց դժվար է կասկածել անիրազեկության կամ էլ միամտության մեջ՝ նախնական և հետագա տեղեկություններ մշակելիս: Առաջինը Իրանի ԻՀՊԿ-ի «Կոդս» հատուկ ծառայության գլխավոր հրամանատար, աշխարհահռչակ գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանին է, իսկ երկրորդը՝ նախկին փոխարտգործնախարար, իսկ հիմա Իրանի խորհրդարանի նախագահի միջազգային գործերի գծով հատուկ օգնական Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանը: Հենց նա էլ «Kayhan News»-ի հետ կազմակերպում է, կարելի է ասել, ԱՄՆ-ի դեմ ուղղված «պիար-պրոքսի-պատերազմների» կարգի հատուկ օպերացիան: Ամիր-Աբդոլլահիյանն ընդգծել է, որ գեներալ Սոլեյմանին Իրանի ԱԳՆ է ներկայացրել փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ը դաշնակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: «Երբ ես գտնվում էի արտաքին գործերի նախարարությունում, պետք է հանդիպում ունենայի գեներալ Սոլեյմանիի հետ, նա ինձ փաստաթղթեր տվեց ու ասաց, որ ես դրանք շպրտեմ Արևմուտքի ու ՄԱԿ-ի երեսին,- թերթին պատմում է Ամիր-Աբդոլլահիյանը:- Նա նույնիսկ ինձ խնդրեց արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին ասել, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չվարի տարածաշրջանի վերաբերյալ՝ միջուկային հարցի շուրջ բանակցությունների հետ մեկտեղ, բայց եթե անհրաժեշտություն առաջանա, նա կարող է այս փաստաթղթերը դնել սեղանին և ասել ամերիկացիներին, որ դրանք այն են, ինչ նրանք մտածել են»: Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն այնուհետև ասում է, որ գեներալ Սոլեյմանիի ներկայացրած փաստաթղթերը ճշգրիտ տեղեկություններ են պարունակում ԻՊ-ի պարագլուխների հետ ԱՄՆ-ի դավադրության աշխարհագրական դիրքի, ժամանակի ու ճշգրիտ մանրամասների վերաբերյալ:

«Երբ Իրաքի Մոսուլը գտնվում էր ԻՊ-ի օկուպացման ներքո, ամերիկյան A-330-ը վայրէջք կատարեց Մոսուլի օդանավակայանում, ամերիկյան գեներալներն իջան ինքնաթիռից, և ռազմական տեխնիկան բեռնաթափվեց»,- հաղորդում է Ամիր-Աբդոլլահիյանը գեներալ Սոլեյմանիի վկայությունները: «Օդանավակայանի բարձրաստիճան ուղևորների սպասասրահում ամերիկացի գեներալները խոսում էին Մոսուլում ԻՊ խմբավորման առաջնորդների հետ, որը տևեց երեք ժամ 23 րոպե, ապա նստեցին ինքնաթիռ ու մեկնեցին»,- պատմում էր նա: Ամերիկացիները ԻՊ-ի համար բերել էին զենք ու հանդերձանք, որոնց կարիքն ունեին ահաբեկիչները: «Մեկ այլ դեպքում, մեկ այլ վայրում ամերիկյան երեք ուղղաթիռներ վայրէջք են կատարել և ռազմական տեխնիկա հանձնել ԻՊ-ի ավագ պարագլուխներին»,- հայտարարել է Ամիր-Աբդոլլահիյանը՝ վկայակոչելով գեներալ Սոլեյմանիին:


Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականի ասելով, երբ վերջին ամիսներին ձերբակալվեցին ԻՊ-ի շատ հրամանատարներ, ամերիկացիները դիմեցին անվտանգության ապահովման զանազան եղանակների, որպեսզի ԻՊ-ի պարագլուխների մեծամասնությունը էվակուացվի այն պատրվակով, թե այդ մարդիկ գտնվել են պաշարման մեջ, և անհրաժեշտություն կա դադարեցնելու կրակը: «Ավելի ուշ մենք պարզեցինք, որ ամերիկացիները բռնել են այն անձանցից մի քանիսին, ովքեր այնուհետև էվակուացվել են Հյուսիսային Աֆղանստան, ոմանք էլ Լիբիա և Եմենի հարավային մասի այլ վայրեր»,- ասել է Ամիր-Աբդոլլահիյանը: Գեներալ Սոլեյմանիի սիրիական աղբյուրները պնդում են, որ ամերիկյան ուղղաթիռները ԻՊ-ի հրամանատարներին Դեյր էզ Զորից էվակուացրել են Սիրիայի հյուսիսային Էլ-Հասեկեի նահանգ: Այդ կապակցությամբ Ամիր-Աբդոլլահիյանը հիշեցրել է, որ հունվարի վերջին այաթոլահ Խամենեին հրապարակել է նախազգուշացում այն մասին, որ ԱՄՆ-ն զբաղվում է ԻՊ-ը Աֆղանստան տեղափոխելով: «Իսլամական պետությունը» Իրաքից ու Սիրիայից տեղափոխելով Աֆղանստան՝ ԱՄՆ-ը ձգտում է «արդարացնել իր ներկայության շարունակումը տարածաշրջանում և անվտանգություն ապահովել սիոնիստական վարչակազմի համար»,- այն ժամանակ ասել էր Իրանի գերագույն առաջնորդը: «Kayhan News»-ի հրապարակումը ուղեկցվում է շատ հետաքրքիր մի լուսանկարով. ինչ-որ սենյակում «սիրիական չափավոր ընդդիմության» դրոշի ներքո նստած են ԻՊ-ի պարագլուխները, այդ թվում՝ «Աբու Բաքր ալ-Բաղդադին», ընդ որում` բոլորն էլ միանգամայն «քաղաքակիրթ» եվրոպական զգեստով, ոչ մի չալմա: Իսկ դիմացը նստած են ամերիկացիները, որոնց մեջ պարզ երևում է ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մակքեյնը: Եվ եթե, կարելի է ասել, գեներալ-մայոր Սոլեյմանիի խոսքերից երևում է, որ ԱՄՆ-ի գեներալները համարյա ուղղակիորեն և անձամբ հրահանգավորում էին ԻՊ-ի պարագլուխներին, ապա «խալիֆայականների» շրջապատում սենատոր Մակքեյնի ներկայության պարագայում խոսքը կարող է վերաբերել «Իսլամական պետության» նկատմամբ լիակատար քաղաքական վերահսկողությանը, առնվազն ԱՄՆ-ի Սենատի կողմից, և ոչ միայն: Չէ՞ որ լայնորեն հայտնի են Մակքեյնի կապերը Սպիտակ տան և պետդեպարտամենտի բարձրաստիճան քաղգործիչների, ամերիկյան զինվորականների ու հատուկ ծառայությունների հետ:


Կարող է զարմանալի թվալ, սակայն հետագա արձագանքները ցույց տվեցին, որ Իրանի իշխանությունները նաև դաշնակիցներ ունեն ԱՄՆ-ում: Այսպես, «Veterans Today» կայքի գլխավոր խմբագիր Ջիմ Դինը ողջունել է Իրանի դերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարում: «Սիրիայի հակաահաբեկչական պայքարին Իրանի և «Հըզբոլլահի» ցուցաբերած աջակցությունը ծայրաստիճան կարևոր էր ոչ միայն խիստ հոգնած սիրիական բանակին օժանդակելու, այլև նրա մարտական հնարավորություններն ամրապնդելու համար, երբ սպայակազմի մեծ մասը, կաշառված լինելով սաուդցիների կողմից, անցել էր երկրորդ պլան»,- ասել է Դինը մարտի 4-ին IRNA գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում: Դինն ու նրա «Veterans Today»-ը Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի «հակաահաբեկչական գործողությունների» որոշ նրբությունների լուսաբանման գործոններ են: Մասնավորապես, հենց այդ կայքն է մերկացրել Հալեպում, իսլամիստների դիրքերում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Իսրայելի և մի շարք արաբական երկրների ավելի քան 150 հատուկջոկատայինների աղմկոտ գերեվարումը:

«Իրանցիներն առանցքային դեր խաղացին սիրիական տարբեր հակաահաբեկչական խմբերի կազմակերպմանն օժանդակելու գործում: Այն ժամանակ տեղի ուժերը կարողացան իրենց ձեռքը վերցնել այն շրջանների անվտանգությունը, որոնք մաքրվել էին ջիհադիստներից, դրա համար էլ բանակի մարտական ուժը չէր թուլացել անվերջանալի ուղեկալային պարտավորություններից: Դա սիրիական բանակին ստիպեց անընդհատ համալրել դարանի պահակախումբը, ինչպես նաև ոչնչացնել ոչ մեծ կայազորներ»,- ասել է Դինը: Նա, իհարկե, խոսել է նաև Սիրիայում Ռուսաստանի և ռուս զինվորականների կարևոր դերի մասին, սակայն Ամիր-Աբդոլլահիյանի և Սոլեյմանիի մերկացումների կապակցությամբ առանձնակի արժեք են ստանում նրա քննադատական դիտողությունները Վաշինգտոնի հասցեին:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4185

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ